Կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

1

Հուլիսի 10-ին 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943 թ. հունվարի 15-ին ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։

1963 թ. Գզողյանը Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։

1988 թ. զորացրվել է խորհրդային բանակից եւ փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում եւ մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջեւանի երկրապահների շտաբի պետ։

1990-ին նշանակվել է Երեւանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։

1991 թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն է ունեցել Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետեւ տեղափոխվել է Արցախ։

1992թ. փետրվարին նշանակվել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։

1992 թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 1993 թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարեւելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։