ՀՔԾ պետն ընդունել է ՀԲ-ի և ՄԱԿ-ի Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնոթյան փորձագետներին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Նրանք ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացներում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները, կարևորել այդ գործընթացներում միջազգային համագործակցության ակտիվացումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, անդրադառնալով ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացում և ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին ու իրավական արգելքներին` կողմերն այդ համատեքստում կարևորել են իրավական նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու գործիքակազմերի կատարելագործումը: Փորձագետները կարևորել են նաև ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնել ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ տեխնիկական աջակցության ծրագրեր նախաձեռնել քննիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի մեծ մասը վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, այդ թվում` մեծ ծավալի քննություն է կատարվել նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով և, չնայած քննիչների ծանրաբեռնվածությանը, ծառայությանը հաջողվել է դրական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ:

Ըստ փորձագետների` համապատասխան գնահատողական աշխատանքների ավարտից և փորձագիտական աջակցության ուղղությունների հստակեցումից հետո կմշակվի իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ հուշագիր: