Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

ՄԻՊ.

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։

Արման Թաթոյանն  ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում, հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։

Պաշտպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նրանց մասնակցությունը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի Պաշտպանի կամ այլ մարմինների մշակած օրենսդրական նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ։

Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնությունները մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելուն և դրանց հանրային պատշաճ քննարկմանը նպաստելուն առնչվող հարցեր։