ԽՍՀՄ փլուզումը դրական երևույթ էր նույնիսկ բուն Ռուսաստանի համար. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Տուսկ

Վրացական «Առաջին ալիք»-ը տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաթումիում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝  «Արժեքավոր գործընկերության 10 տարի. անցած ճանապարհը և հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումը դրական երևույթ է եղել մի քանի երկրների համար։

«Դուք հիշում եք, երբ 2005 թվականին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Խորհրդային Միության փլուզումը այն դարաշրջանի մեծագույն սխալն էր։ Ուզում եմ հստակ ասել, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երեւույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար, վստահ եմ՝ նույնիսկ նաև բուն Ռուսաստանի համար: Դա անչափ խորհրդանշական ժամանակ էր, որպեսզի քննարկենք, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել վերջին 10 տարում եւ ինչպես շարունակենք ընթանալ»,- հայտարարել է Տուսկը:

Տուսկը նաև նշել է, որ այս տարի նշվում է Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, ինչը մեծ արդյունքների է հանգեցրել:

«2019 թվականին մենք նշում ենք Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, որը մեծ արդյունքներ է բերել իմ երկրին՝ Լեհաստանին: Նույն տարում մենք նշում ենք խորհրդային գերիշխանության տապալումը, որը սկսվեց Թբիլիսիում եւ այլ քաղաքներում ցույցերով: Նույն տարվա աշնանը Լեհաստանում անցկացվեցին ազատ ընտրություններ»,-ասել է Տուսկը։