Հիասթափված պիտի խոսեմ մեր վարած խորհրդարանական դիվանագիտության մասին․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

արման

ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է խորհրդարանական դիվանագիտությունից:

«Հիասթափված պիտի խոսեմ ընդհանրապես մեր վարած խորհրդարանական դիվանագիտության մասին, որովհետև, կարծում եմ, որ առավելապես ԵՄ-ի և դրա առանձին երկրների հետ աշխատանքը պատշաճ կերպով չի կատարվում խորհրդարանի մակարդակով, ինչու չէ նաև արտաքին գերատեսչության», - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է պատգամավորը:

Պատգամավորը նշել է, որ Լեհաստանում ի դեմս հայ խորհրդարանականների՝ տեսել են նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց:

«Կարծես՝ Ռուբեն Ռուբինյանի փոխարեն Արմեն Աշոտյանն էր նստած», - ասել է Բաբաջանյանը, ապա նկատել, որ լեհ գործընկերներին այդպես էլ հնարավոր չի եղել ներկայացնել փոփոխությունների այն ողջ մասշտաբը, որը տեղի է ունեցել Հայաստանում:

«Դա նրանց մեղքը չէ, դա մեր մեղքն է, մեր խորհրդարանի ու խորհրդարանականների ոչ պատշաճ աշխատանքը», - ասել է պատգամավորը:

Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ Բաբաջանյանը նշել է, որ Լեհաստանն այս հարցում Հայաստանին չի պաշտպանելու:

«Պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ այդ հարցում չեն պաշտպանելու, որովհետև շատ խիստ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ: Այն սպասումները, որոնք մենք ունենք արագության մասով, տեղին չեն», - ասել է Բաբաջանյանը: