Նախկին վարչապետը շնորհավորել է ՀՀ իշխանությանը՝ ՀՆԱ-ի աճով Եվրոպայի առաջատար լինելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

Արայիկ

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  անդրադառնալով «Eurostat»-ի հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2019-ի 1-ին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով:

«#Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի  առաջատար պետությունն է։

Շնորհավորելով ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ՝ համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչև տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլև առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:

Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին ևս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով:

Պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվռտոցներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները: Եթե այս գիտակցումով ապրենք և արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,-գրել է Արայիկ Հարությունյանը: