1040 ընտանիք կբռնի արտագաղթի ճանապարհը․ ի՞նչ է կատարվում Ագարակի կոմբինատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հասարակություն

Ագարակի պղնձաձուլական կոմբինատի աշխատանքները կաթվածահար են։ Կոմբինատի շուրջ 1040 աշխատակից հրաժարվում են աշխատանքի դուրս գալ։ Նրանք պահանջում են աշխատանքային պայմանագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարում և աշխատավարձերի վճարում։ Երեկ բողոքող աշխատողներին է հանդիպել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլինը, ով խոստացել է հանձնաժողով ստեղծել, որն էլ զբաղվելու է բողոքող աշխատողների խնդիրների քննությամբ։

24news-ը կապ հաստատեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ։ Նա նշեց, որ կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Խուդոլինը խոստացել է կազմավորել հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն թե մասնագետներ, թե բոլոր հետաքրքրված բոլոր կողմերը։ Հանձնաժողովի աշխատանքը նախնական ծրագրով պլանավորում են, որ կտևի մեկ կամ մեկուկես ամիս։

-Պրն Խուդոլինը անձամբ է հետևելու հանձնաժողովի աշխատանքներին։ Երեկ նա լսեց բոլորին, ովքեր ինչ-որ պահանջ կամ բողոք ունեին։ Նա պարզապես խնդրեց դադարեցնել գործադուլը և վերսկսել կոմբինատի աշխատանքները, քանի որ պարալիզացված կոմբինատը աշխատում է ի վնաս բոլորին՝ թե ընկերությանը,թե աշխատողներին, թե հարկերի տեսքով պետությանը։ Նա մինչև չորեքշաբթի ժամանակ տվեց աշխատողներին, որպեսզի նրանք որոշում կայացնեն՝ աշխատելու են, թե ոչ։ Բացի այդ, վստահեցրեց, որ ռեպրեսիաներ չեն կիրառվելու, ոչ մի աշխատող չի հեռացվելու աշխատանքից։ Հանձնաժողովի պատասխանից  կախված կլինի, թե կոմբինատի աշխատողների որ պահանջին ինչ լուծում կտրվի,- ասաց Ռ․ Գրիգորյանը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ ընկերությունը շատ կոնստրուկտիվ է տրամադրված, և ֆուտբոլի գնդակն այժմ կոմբինատի ախատողների դաշտում է։ մեր այն հարցին, թե արդյոք որևէ հաշվարկ կատարվել է, թե կոմբինատի աշխատանքների դադարեցման հետևանքով ընկերությունը որքա՞ն վնաս է կրել, Ռ․ Գրիգորյանը նշեց, որ համապատասխան հաշվարկները կկարողանան անել գործադուլի ավարտից հետո միայն։

24News-ը կապ հաստատեց նաև Մեղրիի համայնքապետարանի մամուլի բաժնի պատասխանատու Մարիամ Ծատրյանի հետ, ով նշեց, որ երեկ երեկոյան Սյունիքի մարպետ Հունան Պողոսյանը և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հանդիպել են բողոքող աշխատողներին ու հորդորել նրանց վերսկսել աշխատանքը, քանի որ կոմբինատի կաթվածահար աշխատանքը վնասում է թե պետությանը, թե ընկերությանը, թե համայնքին, և թե աշխատակիցներին։

-Առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Ագարակի հրապարակում։Այս պահին կոմբինատում պարալիզացված վիճակ է՝ ոչ մի աշխատանք չի տարվում։ Երեկ դահլիճային փակ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցում էր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրենը, կոմբինատի տնօրեն Սինյակովը, Մխիթար Զաքարյանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։Այսօր առավոտյան հանդիպել եմ բանվորներին, խոսել եմ նրանց հետ։ Նրանք պարզապես ուզում են, որ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն ու իրենց խնդրին լուծում տան,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամ Ծատրյանը։

24News-ի հետ զրույցում Ագարակի պղնձաձուլական կոմբինատի տեխտրանսպորտի բաժնի վարորդ Կարեն Սարգսյանը նշեց, որ իրենք ոչ թե գործադուլ, այլ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրա խոսքով կոմբինատի ղեկավարությունն իրենց գործողությունները գործադուլ են անվանում, որպեսզի բողոքող աշխատակիցների պահանջները անօրինական որակվեն։

-Բողոքի ակցիան սկսվեց հուլիսի 2-ին՝ 14։00-ից սկսած, երբ հանքում հերթական քարաթափումը եղավ։ Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդիրների մասին, սակայն մենք անտեսվել ենք։ Հանքում աշխատելու վտանգավորության հետ կապված դիմել ենք ղեկավարությանը, խնդրել քայլեր ձեռնարկել, սակայն ոչինչ չի արվել։ Ինչպես ասում են դանակը ոսկորին հասավ ու սկսեցինք այս բողոքի ակցիան, որովհետև կյանքի անվտանգության խնդիրներ են առաջացել։ Միաժամանակ բարձրաձայնում ենք չվճարվող աշխատավարձերի մասին,- նշեց Կարեն Սարգսյանը։

Կ․Սարգսյանը նշեց նաև, որ դժգոհ են կոմբինատի ղեկավարության վերաբերմունքից։

-Մի քանի ամիս առաջ հանքում վտանգավոր տեղերի վերաբերյալ մեր դիմումներին  տեխտրանսպորտի բաժնի պետը՝ Ալեքսանդր Կազլովսկին, որ մեր անմիջական ղեկավարն է, մեզ պատասխանեց, որ տարվա մեջ երեք զոհը թույալտրելի է։ Այսպիսի բաներ էին պատասխանում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվեց։ Նույնը ասել է արտադրական բաժնի պետը՝ Անդրեյ Կուլակովը։ Ասում էին՝ կոմբինատը կփակենք, սոված կմնաք, չեք ուզում՝ մի աշխատեք։  Ոչ ոք չի ուզում, որ կոմբինատի գործունեությունը դադարեցվի, նույնիսկ հաշվի առնելով աշխատանքի վտանգավորության աստիճանը,- ասաց Կ․ Սարգսյանը։

Կոմբինատի տեխտրանսպորտի բաժնի վարորդը նշեց, որ աշխատանքային պայմանագրով նախատեսված են վճարումներ առավել ծանր, վտանգավոր և արտաժամյա գիշերային հերթափոխի աշխատանքների դիմաց, ինչն արդեն 11 տարի չի վճարվել։ Կարեն Սարգսյանը նկատեց, որ աշխատանքային պայմանագրով սահմանված է նաև, որ գործատուի մեղքով պարապուրդի դիմաց էլ է վճարում հասնում, ինչը կրկին չի վճարվել։ Կ․ Սարգսյանը պատմեց, որ 2010-2015 թվականներին գիշերային և արտաժամյա աշխատանքների դիմաց բացարձակապես չեն վարձատրվել, իսկ 2015-ից սկսած գիշերային աշխատանքի 64 ժամվա դիմաց վճարվել են 11200 դրամ։

-Խնդրի լուծման համար Խուդոլինին առաջարկել ենք տնօրինությանը ազատել աշխատանքից, նոր կազմ նշանակել կոմբինատի ղեկավար կազմում։ Այս մարդկանց հետ մենք չենք կարող աշխատել, մեռնել կա, բայց իրենց հետ աշխատել չկա։ 1040 աշխատակից միաբերան դա են ասում։ Հենց նոր տնօրինություն նշանակեցին՝ հինգ րոպեից դուրս ենք գալիս աշխատանքի։ Խնդրում ենք, որ մասնագետներ հրավիրեն, որ քննեն այս գործն ու մեզ պատասխանեն՝ մենք ճիշտ են, սխալ ենք։

Եթե մեր խնդրին լուծում չտրվեց, ճանապարհները կփակենք, իսկ եթե կոմբինատը փակվի, ապա 1040 ընտանիք կբռնի արտագաղթի ճանապարհը։ Ավելի լավ է օտար երկրում գերի լինել, քան թե սեփական հայրենիքում՝ ստրուկ,- նշեց Սարգսյանը։