«Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը եւ համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարեւորել է «Մասդար»-ի եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջեւ հաստատված համագործակցությունը:

1

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու համար եւ իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաեւ սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը եւ ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաեւ տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը:

Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: