ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 12-ին ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկել է իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրել ընթացիկ խնդիրներին և ներկայացրել ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը:
«Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես եկան մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով:
Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գործողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով:
Այս կապակցությամբ առաջարկվեց սպայական կազմի հետ անցկացնել պարապմունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:
Քննարկվեց ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրեց, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: