Վիզաների ազատականացումը բերելու է միգրացիայի․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները չպետք է կրեն պարզապես ֆորմալ բնույթ, պետք է լինեն իրական բարեփոխումներ: Վիզային ռեժիմն ազատականացնելու համար մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպականին: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ճանապարհային քարտեզի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ բարեփոխումներին նախ և առաջ պետք է հասարակությունը պատրաստ լինի: Փոխվարչապետի կարծիքով՝ շատ դեպքերում, եթե ուզում ենք, որ կյանքի որակը լավանա, պետք է նաև ստանդարտները խստացվեն: Նա նկատեց, որ տեխնիկական ստանդարտների խստացումը միանշանակ չի ընկալվելու շատ դեպքերում:  «Այն մեքենաների պարկը, որ մենք ունենք, այդ պարկով երթևեկության կանոնների եվրոպական ստանդարտ սահմանելն անհնարին է լինելու: Եթե ստանձնել ենք եվրոպական ստանդարտներով երթևեկության սահմանել, դա նշանակում է, որ այսօրվանից պետք է գործողություններ կատարենք: Դա էլ իրագործման մի տարր է, որը մշակված պետք է առաջ տանենք: Մեր անվտանգության համար և, առաջին հերթին, հասարակության համար պետք է ստանդարտները պահպանվեն: Եթե, օրինակ, սննդի ստանդարտները չպահպանվեն, մենք ոչ միայն առաջ չենք շարժվի ճանապարհային քարտեզով, այլ նաև կվնասենք մեր հասարակության առողջությունը»,- ասաց փոխվարչապետը: