Ռուստամ Բադասյանը հանդիպել է քրեական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին:

Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին եւ եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձեւաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարեւոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը եւ հաջող ու արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւս կարեւորել է այս հանդիպումը եւ նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող  իրականացվել հակակոռուպցիոն եւ դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս: Այս առումով նախարար Բադասյանը շեշտել է, որ  Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ՝ մասնավորեցնելով, որ ձեւավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որում համադրվելու է քննչական եւ օպերատիվ հետախուզական աշխատանքը: Ռուստամ Բադասյանը կարեւորել է նաեւ  միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջին գնահատումներում արծարծված խնդիրների լուծումը Քրեական դատավարության եւ Քրեական օրենսգրքերում զետեղելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատժի կրման փուլում դատական ակտերի կատարմանը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուն, ազատության սահմանափակում պատժատեսակի դեպքում դատարանի կողմից նոր արգելքներ սահմանելուն կամ դրան փոխելուն վերաբերող մի շարք հարցեր: