Ամուլսարում բերման է ենթարկվել 2 քաղաքացի․ քաղաքացիները դեմ են հանքարդյունաբերությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

Ամուլսարի 1-ին անցակետի մոտ լարված իրավիճակ է. Ամուլսարի պաշտպանները թույլ չեն տալիս, որ քննչական գործողություններ իրականացվեն Ամուլսարի տարածքում: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց բնապահպան Արփինե Գալֆայանը: Ըստ նրա՝ ոստիկանություն է բերման ենթարկվել 2 քաղաքացի՝ Սոս և Արթուր Խաչատրյանները:

Բնապահպանը նաև նշեց, որ այս պահին Ամուլսարի պաշտպանները պահանջ են ձևակերպում, որպեսզի ներկայացնեն ոստիկանությանը:

«Պահանջելու ենք, որպեսզի համալիր փորձաքննության մեջ ներառվի Ջերմուկ համայնքի վրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը, նաև որ ժամանակավորապես պաշտոնապես կասեցնեն աշխատանքները։ Հանքարդյունաբերական կամ շինարարական որևէ գործողություն չի կարող Ամուլսարի տարածքում տեղի ունենալ, քանի որ քրեական գործ է հարուցված, թող պետությունն իր վրա վերցնի պատասխանատվությունը, կասեցնի աշխատանքները, մինչև քրեական գործը հանգուցալուծվի: Եթե կասկած կա հանցագործության  մասին, պետությունն ինչպե՞ս կարող է թույլ տալ՝ իրենք երբ ուզեն մտնեն, ինչ ուզեն անեն»,- նշեց  Արփինե Գալֆայանը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք: 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Ամուլսարի պաշտպանները՝ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ թույլ չեն տալու Ամուլսարի հանքարդյունաբերական տարածքներ մուտք գործել նույնիսկ փորձաքննական գնահատման աշխատանքներ կատարողներին, մինչև Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի հետ այդ փորձաքննության շրջանակներում հանդիպումներ չլինեն, իրենց բոլոր իրավունքների խախտումներն ու քաղաքական դիրքորոշումն այդ փորձաքննության ընթացքում չարձանագրվեն:

«Մենք պահանջում ենք մեր տնտեսական ու սոցիալական իրավիճակի ու վնասների, ինչպես նաև սահմանադրական իրավունքների հաշվի առնում փորձաքննության շրջանակներում: Ջերմուկ համայնքն ամբողջությամբ ազդակիր է, սակայն մեր բնակավայրերից Ջերմուկը միջազգայնորեն ճանաչված նորմի, այն է՝ վնասների մասին նախապես իրազեկված, գիտակցված համաձայնություն տալու գործընթացից դուրս է մնացել: Ամուլսարը հանքի վերածելու կապակցությամբ մենք ունենք բնակչության ճնշող մեծամասնության կողմից արտահայտված և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համընդհանուր դիրքորոշում՝ մետաղական հանքարդյունաբերությանը մեր համայնքներում դեմ ենք»,-նշված էր հայտարարության մեջ։

Քիչ առաջ միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածել նաև Քննչական կոմիտեն , որում ասվում է, որ քաղաքացիներն արգելել են քննիչների ու փորձագետների այցը Ամուլսար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը։