Մի երազանքի պատմություն կամ ուռուցքաբանության կենտրոնի ոդիսականը

Институт ядерной медицины

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի  11-ին տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարեց, որ գրեթե 10 տարի տևած երկարատև գործընթացներից հետո Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը սկսեց աշխատել:  Շատերը չհասկացան, թե խոսքը հատկապես ինչի մասին է՝ նախարարների հետ քննարկումից պարզ էր դառնում, որ ելույթը վերաբերում էր քաղցկեղի դեմ պայքարի,այն հայտնաբերելու ուղղությամբ նոր ուղղության գործարկմանը, որի հետ կապված կա գրեթե 10 տարվա պատմություն: 

Ամեն ինչ սկսվեց 2009 թ-ից

2009 թ-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը, վերլուծելով Հայաստանում քաղցկեղի զարգացման մակարդակն ու մահացության բարձր ցուցանիշները, ինչպես նաև արտերկրում համապատասխան բուժում ստանալու հիվանդների ցածր հնարավորությունները, ընդունեց իբրև գերակայություն Հայաստանում ստեղծել ուռուցքաբանության գերազանցության գերժամանակակից կենտրոն՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան: Կենտրոնի կառուցման ռազմավարական նպատակը ոչ միայն մեր երկրում գրանցված քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարն էր, այլ նաև Հայաստանն այդ ախտորոշման դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն դարձնելը, բժշկական տուրիզմի,  միջուկային ֆիզիկայի և բժշկության զարգացումը:  Ընդ որում, գերակա նպատակների թվում էր նաև գտնել մասնավոր – պետություն համագործակցության այնպիսի մոդել, որի արդյունքում կենտրոնը պետք է դառնար եկամտաբեր, այլ ոչ թե պետական դոտացիաներով գործունեություն իրականացնող:  Այդ նպատակով կառավարությունը միջազգային խորհրդատուների հետ համագործակցաբար իրականացրեց տեխնիկական և իրավական բոլոր գործընթացները, հստակեցվեց մասնավոր հատվածի հետ համագործակցության օպտիմալ տարբերակը, 2013 թ-ին հուլիսին ընդունվեց ծրագրի իրականացման ձևաչափը: 

Աշխատանքները սկսվեցին…

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային կենտրոն սկսելու աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունն առանձնացրեց 3 հիմնական փուլ, որի մեջ մտնում էր պետություն – մասնավոր համագործակցության սկզբունքային պայմանավորվածությունը: Եվ այսպես, ծրագրի առաջին փուլով գրեթե 13 մլն դոլար էր տրամադրում Հայաստանի կառավարությունն ու Բելգիան՝ վարկային ծրագրի շրջանակներում:  Այս գումարով կատարվեցին շինարակական աշխատանքներ ու գնվեց համապատասխան ախտորոշիչ սարքեր եւ հենց այն ցիկլոտրոնը, որի գործարկման մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը: 

Նկարում՝ արդեն կառուցված ուռուցքաբանության կենտրոնը

Институт ядерной медицины

Երկրորդ փուլն արդեն իր մեջ ներառում էր Համաշխարհային բանկի տված վարկային ծրագիրը՝ գրեթե 15 մլն դոլար, որի միջոցներով պետք է կառուցվեր  քաղցկեղի դեմ պայքարի մյուս կարևոր մասը՝ ճառագայթային բուժման կենտրոնը: Երրորդ ու արդեն վերջնական փուլով նախատեսվում էր Կենտրոնը վերածել ամբողջական մի կոմպլեքսի՝ հիվանդանոցով, վիրաբուժական բաժանմունքով, տարատեսակ լաբորատորիաներով: Այս ծրագրի իրականացման համար Տիգրան Սարգսյանի՝  2013 թ-ին Բրյուսել կատարած այցի ժամանակ պայմանագիր կնքվեց «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության ղեկավար Հայկ Բաքրջյանի հետ, ով պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ծրագրի իրականացման համար ներդնել 15-20 մլն դոլար: 

Նկարում՝ ներդրող Հայկ Բաքրջյանի հետ հուշագրի ստորագրում

Document signing

Բաքրջյանի հետ կնքված պայմանագիրը ենթադրում էր, որ հիվանդանոցի վերջնական կառուցումից հետո հենց այս ընկերությունը, որն ունի նմանատիպ կենտրոնների կառավարման համաշխարհային փորձ, կղեկավարի այն, որի արդյունքում պետությունն այլևս ոչ միայն ստիպված չի լինի հավելյալ գումարներ ներդնել, այլև ժամանակի ընթացքում կփակվեն Համաշխարհային բանկից տրամադրվող վարկային միջոցներն ու պետական այն գումարները, որոնք ներդրվել էին ծրագրի նախնական փուլն իրականացնելու համար: Ավելին, Կենտրոնում աշխատելու համար հրավերներ պետք է ուղարկվեին միջազգային բարձր որակավորում ունեցող բժիշկների, Երևանի պետական բժշկական համալսարանում պետք է բացվեր հատուկ ամբիոն՝ միջուկային բժշկություն ուսանելու նպատակով, տեղական կադրերը պետք է վերապատրաստվեին ու վերաորակավորվեին: Ստացվում էր, որ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նախատեսվում էր ոչ միայն պետական գումարների վերադարձ, այլև կենտրոնի հետագա գործունեության համար նախատեսված պահպանման, շահագործման և ծառայությունների մատուցման ծախսերի ապահովում հենց վերոնշյալ ներդրողի կողմից: 

Նկարում՝ միջուկային բժշկության համար անհրաժեշտ ցիկլոտրոնը

Cyklotrom
Սարգսյանի հրաժարական ու միջգերատեսչական ֆուտբոլ 

2014 թ-ի սկզբին կառավարությունը հրաժարական տվեց, և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքները սկսեցին շատ արագ կանգ առնել: Պատճառները տարբեր էին` ծրագրին չհավատալուց մինչև անձնական որոշակի շահագրգռվածություններ, որի հետևանքով Կենտրոնի աշխատանքների համակարգումը վերածվեց միջգերատեսչական խաղի: Մի քիչ ավելի ազդեցիկ պաշտոնյան փորձում էր իր հովանավորության տակ վերցնել կառուցման կամ, ընդհակառակը, կառուցումն արգելող աշխատանքնեը, ինչի հետևանքով 2009-ին ծրագրված կիսաերազային, բայց նաև շատ պրագմատիկ այս ծրագիրը կանգնեց ոչնչացման եզրին: Գտնվեցին նաև պաշտոնյաներ, ովքեր ջանք չխնայեցին փորձեր անել խզել պայմանագիրը  մասնավոր ներդրողի հետ:  

Միայն 2019 թվականին վերջապես սկսեց գործարկվել ծրագրի առաջին մաս հանդիսացող ցիկլոտրոնը, իսկ ծրագրի երկրորդ և երրորդ փուլը՝  հիվանդանոցի, ճառագայթային կենտրոնի, լաբորատորիաների կառուցումը դեռևս մեծ հարցականի տակ է: Մասնավորապես,  հաջորդող կառավարությունը ՀԲ 15 մլն դոլար վարկը, որը պետք է օգտագործվեր ճառագայթային կենտրոն կառուցելու համար, որոշում կայացրեց օգտագործել այլ նպատակներով՝ խախտելով ծրագրի իրականացման ձևաչափը:  Միայն պատկերացնել կարելի է, թե քանի կյանք կարելի էր փրկել այս տարիներին, որքան խնդիրներ կարելի էր լուծել, եթե ծրագրի իրականացումը չլիներ այսքան մեծ դադարներով ու այսքան կիսատ:

Հ.Գ. 2016 թ-ի կեսերին Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին, այն պատրաստ էր շահագործման, սակայն մինչև վերջերս շենքի դռները փակ էին նույն միջգերատեսչական գզվրտոցների պատճառով:

Անի Խաչատրյան