Հետաքննիչը մոտոցիկլով վթարի է ենթարկվել․ նա հերքել է, որ մասնակցել է «ռալիի» մրցումի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

վթար

Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանն իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել: Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Վարորդ Հ. Ղավազյանը աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննիչ, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբից թաքցրել է, թե որտեղ է աշխատում: Նա անգամ դեպքի վայրից հեռացնել է տվել վթարված մոտոցիկլետը՝ պատճառաբանելով, թե չի իմանում, թե ով կամ ովքեր են մոտոցիկլետը տեղափոխել վթարի վայրից: Վարորդն իր հետ կատարվածի մասին չի տեղեկացրել վերադասին:

Աղբյուրը նաև նշում է, որ վթարի հատվածում տեղի են ունեցել արտոնագրված «ռալիի» մրցումներ և կան վկայություններ, որ նա նույնպես մասնակցել է ռալիին: Սակայն վարորդը դա հերքել է: