«Վթարների կանխարգելման անհրաժեշտությունը հրատապ է»․ ԱԺ փոխնախագահն առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

վթար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանի ՃՈ պատահարներից բխող օրենսդրական կարգավորումներին։  

«Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները՝ ակնհայտ է դառնում, որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար»,-նշված է Վահե Էնֆիաջյանի հայտարարության մեջ։ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:

«Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ուստի հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար», - նշել է Վահե Էնֆիաջյանը։