Բացահայտվել է 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:  Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 31-ամյա բնակչին:

2019 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 03:30-ին, «Աջից կրծքավանդակի թափանցող ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս և որովայնի շրջանում ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ  բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի՝ 1974 թվականի ծնված բնակիչը և հայտարարել, որ նշված վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1974թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալու:

Նախնական քննության տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթոյան փողոցի շենքերից մեկի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը եղբոր և մի շարք անձանց հետ աղմկել են հիշյալ շենքի բակի զրուցարանում, ինչի կապակցությամբ նույն շենքի բնակիչը՝ ծնված 1974թ., դիտողություն է արել նրանց: 

Դիտողությունը ցավագին ընդունելով՝ եղբայրները մոտեցել են վերջինիս և նրա որդուն, պարզաբանումներ պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ժամանկ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով դիտավորությամբ հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իրենց դիտողություն արած տղամարդուն և վերջինիս որդուն ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, նշանակվել դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1988 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: