Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

Հուլիսի 13-ին՝ ժամը 19-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկում ապրող երկու եղբայր։ 

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի, ինչպես և այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողներից օպերատիվ խմբեր ձևավորվեցին, որոնք սկսեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։ 

Հետևողական աշխատանքի արդյունքում շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքից Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 9մմ տրամաչափի պարկուճներ, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։ Տեղի ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին մի շարք հանգամանքներ և մի խումբ անձանց բերման ենթարկեցին բաժին։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձանց և Սյունիքի մարզի մի բնակչի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով էլ նրանք վնասվածքներ են ստացել։ Փոխհրաձգության հետևանքով վնասվել է նաև մյուս կողմի մեքենան։ Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածյալը ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմին՝ հետը բերելով «Սայգա» տեսակի հրազեն։ 
Կատարվում է նախաքննություն։