Քոչարյանի փաստաբանական թիմը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ևս կներկայացնի ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից:

«Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։

Այս հայտարարությունը արձանագրում է մի պարզ փաստ, որ Քոչարյանի գործում գործադիր իշխանությունը միջամտել է դատարանների կամ դատավորների գործունեությանը։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաև անուղղակիորեն փաստում է, որ վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք դատարանների կամ դատավորների նկատմամբ:

Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պետական պաշտոնյաներ պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում էին և վնասում էին դատարանների անկախությունը:

Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է:

Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ, որը, ի թիվս այլոց, կապացուցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նա ենթարկվում է հետապնդումների` քաղաքական շարժառիթներով։

Ակնհայտ է` գործ ունենք «կամընտրական արդարադատության» հետ»,- ասված է տարածված հայտարարության մեջ: