Արցախի հակամարտության դեպքում փոքր սխալը կտանի դեպի նոր զոհեր. Քերի Քավանո

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն։

«Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է  դեպի նոր զոհեր»,–նշել է նա։

Քավանոն նշել է, որ թեեւ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել, այդուհանդերձ զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարեւոր նշանակություն ունի. «Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջեւ ծագած հակասություններին, ապա կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները։ Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն տարբեր կերպ, հակառակ դեպքում անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ։ Թեեւ Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձեւաչափը պետք է նույնը մնա, բայց նկատել է, որ ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ՝ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձեւաչափը փոխելու հեռանկարով»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահի խոսքով՝ բանակցությունների  ներկայիս ձեւաչափը ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, այդ փոփոխությանն ականատես եղանք նրա օրոք. «Այդպես ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով նրա նախորդ աշխատանքն Արցախում, նրան հեշտ էր ներկայացնել միաժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի ժողովրդին։ Սերժ Սարգսյանի ժամանակ իրավիճակը նույնը մնաց, սակայն Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Ղարաբաղը եւ ներկայացնում է  միայն Հայաստանը։

Ինչ վերաբերում է 2001 թվականի ապրիլին Քի Վեսթում տեղի ունեցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը, եւ այնտեղ քննարկվող, այսպես կոչված,  «Մեղրիի փոխանակման» տարբերակին, ապա իրականությունը փոքր-ինչ այլ էր,  եւ սեղանին դրված տարբերակներն այդչափ պարզունակ չէին։ Ի սկզբանե Քի Վեսթում նախատեսված չէր ստորագրել որեւէ փաստաթուղթ, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պետք է ստորագրվեր որեւէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում»։