Կլիմայի փոփոխության պատճառով Սևանը՝ որպես լիճ, կորցնելու հեռանկար կա․ Ավինյանը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Ավինյան

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ելույթին, գրում է, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, այն նաև ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:

«Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը:  Ջերմաստիճանի բարձրացումը  ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը», - ասել է Ավինյանը:

Փոխվարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանությունն աշխատում է այդ խնդրի լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ:

«Առաջին հերթին փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ», - նշել է նա և հավելել, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել:

«Կարծում եմ, որ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև այն չի հարվածել երկրի հենց սրտին: Այժմ հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերի վրա», -ասել է Ավինյանը: