Ուզում էի հասկանալ՝ մինչև ու՞ր եք պատրաստ իջնել ու մանրանալ․ Վահագն Վարագյանը՝ ԵՊՀ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

1

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն   Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին:

Արժե՞ր որ նախորդ նիստին ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման երեք անգամ քվեարկության դրված ու մերժված հարցը նորից տանեիք հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով, ծածկադմփոց անելով, առանց քննարկման, և վերջապես՝ արժե՞ր ԵՊՀ 100-ամյակին քայլել համալսարանի կանոնադրության վրայով՝ պետական հոբելյանական հանձնաժողով ձևավորելու փոխարեն այդպես շնորհավորելով Մայր բուհի 100-ամյակը:

Անկեղծ ասած, վերջին շրջանում, զուտ միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով, ցանկանում էի հասկանալ՝ մինչև ու՞ր եք պատրաստ իջնել ու մանրանալ: Ցանկանում էի հասկանալ՝ ինչքա՞ն եք շարունակելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին և ռեկտորի պաշտոնակատարին օգտագործել՝ որպես ձեր քաղաքական մանրումիջին հաշվեհարդարների գործիք՝ համալսարանական միջավայրում ներարկելով 1930-ականների սովետական գարշահոտությունը:

Հիմա հասկանում եմ և ֆիքսում, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական: