Կցանկանանք, որ Վաշինգտոնը ճնշում չգործադրի Երևանի վրա․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

ԱՄՆ

«Ամերիկայի ձայն»-ը, հղում անելով ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի՝ «Ատլանտյան խորհրդի» հայտարարությանը, գրում է, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասել է Միրզոյանը և հավելել, որ չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն, կարծում է, անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ:

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս կան անելիքներ:

«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասում է Միրզոյանը:

Խոսնակն ընդգծում է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի, գտնում է խոսնակը:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշում է Միրզոյանը:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ խոսնակը խնդիրը դիտարկում է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

Ներքաղաքական և տնտեսական զարգացումների մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատել է գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրդավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասել է նա:

Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպել է ամերիկահայ համայնքի հետ: Իր ելույթում խոսնակ Միրզոյանը ողջունել է Վաշինգտոնի հայ համայնքին՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումներին ու երկրում առկա մի շարք կարևոր խնդիրներին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news