Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Տավարացյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Այդ մասին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Հարգելի՛ Ժողովուրդ, ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ, համաձայն Դատական օրենսգրքի, խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար», - ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի անդամ Նախշուն Տավարացյանը դեռ 9 ամիս առաջ էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, սակայն չէր գնացել աշխատանքի, ավելին, ներկայացրել էր հրաժարականի դիմում։ Բայց ավելի ուշ հայտարարել էր, որ պատրաստ է ստանձնել ԲԴԽ անդամի իր լիազորությունները, արդյունքում հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովում նա երդվեց որպես ԲԴԽ անդամ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news