Պետք է քաջություն ունենանք առերեսվելու կանանց հանդեպ ծանր բռնության դեպքերին․ ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Լենա

Կանանց հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է։

Խորհրդարանի փոխխոսնակը նկատել է, որ Հայաստանում շատերը չէ, որ պատրաստ են առերեսվելու իրական խնդիրներին, որոնց բախվում են հայաստանցի շատ կանայք։ Դրա վկայությունը վերջին շրջանում բռնության ենթարկված կանանց խնդիրների բարձրաձայնումն էր։

«Երբ կանայք թեկուզ ուշացումով, թեկուզ անանունության պայմանով որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է, միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու, հասկանալու։ Մասնավոր դեպքերի մեջ կան սոցիալական խնդիրներ, որոնք անտեսելու իրավունք այլևս չունենք՝ որքան էլ դրանք ցավոտ լինեն ու մեր հասարակության թվան անհարիր, մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել դրանց։ Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով էլ գուցե կուտակվել են իսկապես անհարիրության աստիճանի», - քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահը, ապա հավելել, որ պաշտոնյաները պետք է լսեն կանանց խնդիրներ, լսեն նրանց առաջարկները ու մշակեն լուծման ճանապարհներ։