Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցից հրդեհ էր սկսվել։ Նախիջևանում բռնկված հրդեհն արագ անցել էր Վայոց Ձորի Խաչիկ բնակավայրին պատկանող հողատարածքները։
24News-ը կապ հաստատեց Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հրդեհը մարվել է գյուղացիների, զինծառայողների ու ԱԻՆ աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ։

-Մեր բնակավայրին պատկանող հողատարածքները գտնվում են սահմանից այն կողմ՝ կարելի է ասել չեզոք գոտում։ Մենք ստիպված ենք եղել 800 մետր անցնել սահմանը՝ հրդեհը մարելու համար։ Այրվել է մոտ 3 հա տարածք, որը վարելահող էր ու ոչինչ ցանված չէր։ Փառք Աստծո կարողացանք մարել հրդեհը, մինչ դա կհասներ մեր գարու և ցորենի շուրջ 172 հա ցանքատարածություններին։ Եթե դրանք այրվեին՝ չգիտեմ ինչ կլիներ մեր վիճակը,- ասաց Հովիկ Սմբատյանը։

Խաչիկի վարչական ղեկավարը նշեց նաև, որ Նախիջևանի ադրբեջանական կողմում հրդեհն ավելի մեծ տարածք է ունեցել, սակայն այրված տարածքը հիմնականում խոտածածկ է եղել։

Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանն էլ տեսանյութ է հրապարակել հրդեհից։