Երբ երկրում օրինականություն հաստատվի՝ այս ապօրինությունների հեղինակները կպատժվեն․ Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հասարակություն

Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և նշել, որ եթե  կրթության և գիտության ոլորտի պատասխանատուները ցանկանում են, որ ինքն ազատման դիմում գրի՝ այդ մասին կարող են իրեն հրապարակավ խնդրել։ Վ․Վարագյանը նշել էր նաև,որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատարը հաշվեհարդարի գործիք են դարձել։

24News-ը կապ հաստատեց Վահագն Վարագյանի հետ՝  իր արած հայտարարության մանրամասները պարզելու համար։

-Նախորդ հոգաբարձուների խորհրդի նիստում երեք ձևով քվեարկության է դրվել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ կապված հարցը։ Առաջինը քվերակության է դրվել կենտրոնը լուծարելու հարցը, որը որը հոգաբարձուների խորհուրդը մերժել է, երկրորդը՝ միավորել այլ ստորաբաժանման հետ, որը նույնպես մերժվել է, և երրորդը՝ հարցը հետաձգել և հետագայում քննարկել,- տեղեկացրեց Վ․ Վարագյանը։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ երեք ձևով հարցը մերժվել է, սակայն Հոգաբարձուների խորհրդի նիստից շատ ժամանակ չի անցել, այս անգամ արդեն հարցման կարգով հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգ են մտցրել կենտրոնի լուծարման հարցը, որը կոպտորեն խախտում է համալսարանի կանոնադրությունը։

-Ըստ կանոնադրության՝ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների հարցը քննարկվում է գիտական խորհրդում, այնուհետև ներկայացվում է հոգաբարձուների խորհուրդ։ Այսինքն՝ գիտական խորհրդում առանց քննարկելու՝ հարցը ներկայացվել է հոգաբարձուների խորհուրդ և այն էլ նորից առանց քննարկման, քանի որ հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով է անում, այսինքն, պետք է պատասխանեն՝ այո կամ ոչ։Հարցումն օրակարգ է բերել հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկանք-հիմնավորումով, որի իրավունքը չուներ, քանի որ կառուցվածքային ստորաբաժանումների մասին հարցերը և տեղեկանք - հիմնավորումները ներկայացնում է ռեկտորը ըստ համալսարանի կանոնադրության,-նկատեց կենտրոնի տնօրենը։

Վահագն Վարագյանը նշեց նաև, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը, գերազանցելով իր լիազորությունները, բերել է հարցը օրակարգ, որպեսզի  այս անգամ կարողանան ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարել։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը  կարծում է, որ այս միջոցով փորձում են նաև հոգաբարձուների խորհրդի անդամներին ներքաշել այս կեղծիքի մեջ։

-Թե ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը, թե  հոգաբարձուների խորհրդի նախագահը կատարում են իշխանությունների՝ մասնավորապես նախարարի հրահանգները, որովհետև նրանց գործողություններից դա է բխում։ Կոնկրետ հրահանգված գործողություններ են անում,- ասաց Վ․Վարագյանը։

Նա նկատեց նաև, որ նման ուղղորդված քաղաքականություն տեսնում է միայն Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ուղղությամբ։

-Իրենք անօրինականություն  են կատարում, և այս կատարված անօրինակության համար միանշանակ պատասխան են տալու, երբ որ մեր երկրում օրինականություն հաստատվի։