Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու համար միջոցներ են ձեռնարկվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

1

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հուլիսի 14-ին ահազանգել են քաղաքացիներ, ովքեր  տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու՝ անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։ 

Նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

ԱԻՆ-ը հորդորում է հրդեհավտանգ տարածքներում ցուցաբերել զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից տեղեկացնում են, որ այրվել է 2-2.5 հա խոտածածկ տարածք, նյութական այլ վնաս չի եղել: Տարածքը, որպես բարձրադիր գոտի, ջուր հասցնելը դժվար է՝ պայմանավորված խողովակաշարի դիրքից, որը կառուցվել է 1970-ական թվականներին: