Միհրան Պողոսյանի ղեկավարման տարիներին ԴԱՀԿ-ում չարաշահումներ են եղել. ՊՎԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Միհրան

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Այդ մասին հայտնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

Նկատենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը կառույցը ղեկավարել է 2008-2016 թվականներին։ Պողոսյանին այժմ կա առաջադրված մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019 թվականի ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի հարցման հիման վրա Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ 

Միհրան Պողոսյանից հետո ԴԱՀԿ-ի ղեկավարն է եղել Արմեն Հարությունյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news