Դատախազությունը օրինական է համարում ՀՔԾ-ի՝ Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի գույքի կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Իրավական

ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով։ 

Առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռ․Քոչարյանի և Ա․ Գևորգյանի  գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց բողոքները, գտել են, որ հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։

24News-ը կապ հաստատեց դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Առաջին ատյանի դատարանի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, իսկ Հատուկ քննչական ծառայության որոշումը համարում են օրինական։ 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։