Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. նախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է  նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարար Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։

Խոսելով հանրապետության ներմարզային և միջմարզային երթուղային ցանցում առկա խնդիրների մասին՝ նախարարը նկատել է, որ միասնական երթուղային ցանցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է հստակեցնել ուղևորահոսքի ծավալները։ 

Երկրում իրականացվող խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ՀՀ մարզերի տարբեր համայնքներում մեկնարկած շինարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանք կյանքի կոչելու նպատակով նախարարը մարզպետներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով համայնքներին տեխնիկական, մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ տեղերում նախագծերի մշակման աշխատանքների գործում։