Արսեն Թորոսյանն ընտրվել է ԳԱՎԻ-ի կառավարման խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Հունիսի 24-ից 29-ը Ժնևում տեղի ունեցած ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կառավարման խորհրդի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընտրվել և նշանակվել է Խորհրդի անդամ: Նա ներկայացնում է Եվրոպայի և Ամերիկայի տարածաշրջանների ԳԱՎԻ օգնություն ստացող զարգացող պետությունները:

Նշենք, որ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարում իմունականխարգելումն աշխարհում հասանելի է դարձել 700 մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10 մլն-ի կյանքը։

Խորհրդի նիստի ընթցքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք կանխորոշում են զարգացող երկրներին օգնելու ռազմավարությունները, մշակում են ծրագրային ուղղություններ և սահմանում նոր և ավելի արդյունավետ միջոցներ, որոնք ուղղված են աջակցելու պատվաստումների գործընթացին և պատվաստանյութերի  հասանելիությանը ցածր ու միջին եկամուտ ունեցող պետություններում:

Գլոբալ ռազմավարությունները մշակվում են հինգ տարվա կրտրվածքով և այս պահից ի վեր ԳԱՎԻ կառավարման խորհորդը սկսում է «Ռազմավարություն 5.0» մշակման գործընթացը, որը սահմանելու է կազմակերպության մոտեցումները 2021-2025 թվականների համար: Դրանք առավել կարևոր են այն առումով, որ որոշակի անդրադարձ են ունենելու այն երկրների համար, որոնք երբևէ չեն ստացել ԳԱՎԻ օգնություն կամ այլևս չեն ստանում այդ օգնությունը, քանի որ հասել են տնտեսական բարձր ցուցանիշների և դարձել միջին եկամուտ ունեցող երկրներ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Հայաստանն այդպիսի երկրների շարքում է:

Իսկ թե ինչպիսին կլինի ԳԱՎԻ մոտեցումը միջին եկամուտ ունեցող երկրների համար, պարզ կդառնա մոտակա երկու տարվա ընթացքում: Հայաստանը, ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի,  ներգրավված է լինելու ռազմավարության մշակման գործընթացում, որը ենթադրում է սերտ համագործակցություն նման դասակարգման երկրերի, դոնոր պետությունների ներկայացուցիչների, ԳԱՎԻ-ի քարտուղարության և գործընկեր բոլոր կազմակերպությունների հետ: