Գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը, կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

.

Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը. Այս մասին տեղեկցնում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամների եզրափակիչ հաշվետվության՝  հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ:

«Տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին»,- տեղեկացնում է քաղաքապետարանը: