ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ճանաչողական այց է կատարել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանը նշել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ փոխանցելն ու նրանց ներուժն ըստ արժանվույն գնահատելը:
Կենտրոնում այցի ընթացքում ուշադրություն է դարձվել այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են բուժօգնությանը, կենտրոնի շահառուների խնամքին, մի շարք հարցերի վերաբերյալ մատյանների վարմանը և այլն:
Կենտրոնի տնօրենը բարձրացրել է նաև կենտրոնի տեղակայման տարածքի խնդիրը, որն այս պահին արդիական է:
Մարդու իրավունքների պաշտպանի այցի արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Պաշտպանի այն դիրքորոշումները, որ երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ: Այդ խնդիրները հատկապես արդիական են հաստատությունների պարագայում և վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը, մասնագետների վերապատրաստումներին ու նրանց կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կենտրոնի ղեկավարի հետ: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կնպաստի դրանց լուծմանը: