Բադասյանի հայրը նախորդ իշխանությունների օրոք եղել է բարձր պաշտոնում․ Մարինա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն« ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ նամակներ է ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին` ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ, որ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

«Ես նամակ եմ հղել ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՌՈ-ին: Նամակ չեմ հղել Ռուստամ Բադասյանին կամ իր քարտուղարուհուն, հետևաբար, ես ակնկալում եմ պատասխան այն կառույցներից, ում հղել եմ նամակ: Սպասում եմ նաև, որ ինձ կընդգրկեն այդ մասնագիտական հանձնաժողովում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Խաչատրյանը շարունակում է պնդել, որ  չի կարող սկոլիոզ  ունեցող մարդն այդպիսի ուղիղ կեցվածք ունենալ:

«Նախարարությունից որքան ուզում են թող հերքեն, սակայն դա իմ նամակ-դիմումի պատասխանը չէ: Իր հայրը նախորդ իշխանությունների օրոք եղել է բարձր պաշտոնում, և դա նշանակում է, թե ինչ մեթոդներով է նա ազատվել զինվորական ծառայությունից», - կարծիք հայտնեց Երևանի ավագանու նախկին անդամը: