Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկություն կատարվել է. ՀՔԾ-ն հաստատում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը կատարվել է, և դա տեղի է ունեցել Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում։ Այդ մասին 24news-ի հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Հարցին՝ ի՞նչ քրեական գործ է, Մարինա Օհանջանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Օհանջանյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե արդյոք առգրավվե՞լ է դատավորի համակարգիչն ու կնիքվե՞լ է նրա աշխատասենյակը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին   կասեցրեց 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան։