Ինչպես «Ծռերը» գնդակահարեցին պետությանը

Sasna Tsrer

Պետական պահպանության ծառայության գնդի գրավման մասին իմացա, երբ արտասահմանում գտնվում էի արձակուրդի մեջ: Ընդ որում, եթե հիշում եք, դրանից մեկ օր առաջ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, ու ես ամբողջ գիշեր ուղիղ եթերում հետևում էի հենց դրան: Առավոտյան սովորականի պես սուրճ էի խմում ու լրահոս կարդում, երբ, կարծեմ «Հայկական Ժամանակի» կայքէջում տեսա հաղորդագրություն այն մասին, որ իբր «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ՊՊԾ գունդը, և, եթե չեմ սխալվում, հարակից ոստիկանությունն ու ապստամբություն բարձրացրել: Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ երբեք համակրանք չէի ունեցել, իր և իր կողմնակիցների գործողություններն ինձ միշտ թվացել էին ծայրահեղ, բայց այս լուրն առնելուն պես  մոտս երկակի զգացողություններ առաջացան: «Ինչքան զզվացրին իշխանությունները», - մտածում էի ես, - «որ այստեղ հասանք»: Հետո սրտի ցավով նայում էի ուղիղ եթերում, թե ինչպես են ոստիկանները ցրում «ապսամբներին» ի աջակցություն հավաքվածների ցույցը:  Անկեղծ ասեմ, մի պահ անգամ համակրանք կար, բայց… 
Ցանկացած արյունահեղություն, շարքային մարդասպանություն կարելի է արդարացնել ամենահայրենասիրական լոզունգներով: Պետք է մի քիչ պաթոս, կործանված հայրենիքի մասին ելույթներ, մի քիչ էլ արյուն, և ամեն ինչ պատրաստ է: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե «Իսլամական պետության» մսագործները հայտարարում են, թե մարդ են սպանում հաճույքի համար՝ սխալվում եք:  Ամեն ինչ բացատրվում է կործանվող երկրով ու հայրենասիրությամբ: Եթե դուք կարծում եք, որ Կամբոջայի «Կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը, ում կառավարման օրոք մի քանի միլիոն մարդ ոչնչացվեց, այդ ամենը բացատրում էր հիվանդագին սադիզմով՝ կրկին սխալվում եք: Եվ վերջապես, երկիրը գլխատած համբակ Նաիրի Հունանյանն էլ իր գործողություններն արդարացնում էր «էս երկիրը կերաք» չարչրկված նախադասությամբ:
Այն, ինչ արեցին ՊՊԾ գունդը գրավողները, ոչ այլ ինչ էր, քան արձակած փամփուշտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվ բացարձակ կարևոր չէ, թե ով է այդ պահին երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը: Փամփուշտը հավասարապես ուղղված էր ընդդեմ բոլորիս: 
Քաղաքացիական պատերազմներ տեսած բազմաթիվ պետություններ կան: Հարցրե՛ք Լիբանանում բնակվող հայերին, ինչ օգուտ տվեց միջերկրածովյան այդ երկրին տասնամյակներ շարունակվող եղբայրասպան կռիվը: Բայց չէ ո՞ր կռվի կողմերն էլ արյուն էին հեղում «հանուն Լիբանանի»:
3 տարի առաջ կատարվածն անընդունելի էր բոլոր առումներով՝ պետական, մարդկային, քաղաքական...
Աստված հոգին լուսավորի այն ոստիկանների, ովքեր ընկան եղբայրասպան գնդակից:

Նարեկ Գալստյան