Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարական տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհին. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

«Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հարցին՝ թե ինչ կարծիք ունի Արցախի ՄԻՊ-ի հրաժարականի մասին, Արման Թաթոյանը չի մեկնաբանել, միայն նշել է, որ բարձր է գնահատում Ռուբեն Մելիքյանի աշխատանքն Արցախի ՄԻՊ-ի պաշտոնում, քանի որ նրա շնորհիվ նոր որակի է հասել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Արցախը՝ որպես ժողովրդավարական երկիր աշխարհին ճանաչելի դարձնելու մասով Արման Թաթոյանը նշել է.

«Տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար: Արցախի ՄԻՊ-ի շնորհիվ է, որ մենք միջազգային ասպարեզում ասուլիսներ ունեցանք, Ադրբեջանը անընդհատ խանգարում էր, բայց կապ չունի: Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է: Այնտեղ էլ կան կանայք, երեխաներ, և ես այդ առումով ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները ցույց են տալիս միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյոնից պատշաճ գնահատականի չեն արժանացնում: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ»,-ասել է Արման Թաթոյանը: