Ի՞նչ էր եղել գիշերը Իջևանում․ հոսպիտալացվել են 20-ից ավելի ցուցարարներ և ոստիկաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Հուլիսի 17-ին՝ երեկոյան, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, այն բանից հետո մի խումբ քաղաքացիներ փակել էին Իջևանի ճանապարհը և պահանջում էին հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:

Միջպետական ճանապարհի վրա կիլոմետրանոց խցանումը բացելու նպատակով ոստիկանները, պատ կազմելով, փորձել են ճանապարհից հեռացնել ցուցարարներին, որից հետո սկսվել են բախումներ։ Ըստ նախնական տեղեկության՝ գիշերը հոսպիտալացվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ և ոստիկաններ։ Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:

Ցուցարարների հետ բանակցելու նպատակով դեպքի վայր են ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս ուղիղ եթերներում ներկայացրել է Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները, նկարահանել է իրավապահների՝ քաղաքացիներին «ասֆալտին պառկեցնելու» կադրերը, ինչպես նաև այցելել հիվանդանոց հոսպիտալացված քաղաքացիներին և ոստիկաններին այցելության։

Այս պահին Իջևանի միջպետական ճանապարհը բաց է, սակայն մեծ թվով ոստիկանական ուժեր են շարունակում կենտրոնացած մնալ միջադեպի վայրում։ Իջևանում է նաև ՀՀ  ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Քննչական կոմիտեն,, ինչպես արդեն նշել ենք, հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչները և ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ։

Առավել մանրամասն՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի տեսանյութում։