Պայմանավորվել ենք՝ պետք է զարգացնենք այլընտրանքային էներգիան․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

սուրեն պապիկյան

Հայաստանն այսօր ունի վառելափայտի խնդիր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվանից քննարկում են վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին:

«Պայմանավորվել ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որպեսզի այս արտադրությունը կարողանանք Հայաստանում զարգացնել: Ես ուզում եմ ասել՝ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ չհասկացվի, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրներին հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել»,- ասաց նա եւ օրինակ բերեց, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան. «Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը նույնպես պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է:

«Արեւային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ գյուղերում կարելի է տեսնել, որ տանիքներին ավելանում են արեւային պանելները: