Էրհան Թունջելին Դինքի սպանությանն աջակցելու համար դատապարտվել է 18 տարի ազատազրկման

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել. գրում է ermenihaber.-ը: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ 

Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 տարի 6 ամսի ազատազրկման։

Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։ Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։ 

Ընդհանուր առմամբ, 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։ Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։  Իսկ մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։