Հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվելու են ծառայություններ 1 պատուհանի սկզբունքով

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը․ «Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ պարագաների տրամադրումն իրականացվում է հավաստագրով: Այսինքն՝ անձը հավաստագիրը ստանում է և դրա հիման վրա մի շարք կազմակերպություններից ընտրում իրեն հարմարը: Այստեղ ճկուն մեխանիզմ է ներդրվել: Եթե հավաստագրի գումարով նախատեսված պարագան անձը չի ցանկանում, այլ ուզում է ձեռք բերել ավելի թանկ արժեքովը, ապա կարող է հավաստագրով նախատեսված գումարին ավելացնել և ձեռք բերել իր ցանկացածը»։

 Կեսոյանը տեղեկացրեց, որ եթե նախկինում այդ պարագաներն ապահովում էր մեկ կազմակերպություն, ապա այսօր դրանք մի քանիսն են, իսկ դա փաստում է, որ կա մրցակցություն, որն էլ կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացման։

Ասուլիսին մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանն էլ իր հերթին հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման համար ներկայացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծ․ «Նախագծով ներդրվող նոր մոդելի հիմքում ընկած է լինելու ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի առողջական խնդիրների գնահատումը, այլև կարողությունն ու կատարողականությունը:

Նոր ծառայություններով ու բարեփոխումներով հեշտացվելու է դիմելիության ընդհանուր գործընթացը: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվելու են ծառայություններ մեկ պատուհանի սկզբունքով։ Դա նշանակում է, որ անձը ստիպված չի լինելու ծառայություն ստանալու համար այս գերատեսչությունից շտապել այլ գերատեսչություն: Աշխատանքներ են տարվում ամբողջ գործընթացը էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու ուղղությամբ: Փաստաթղթերը ոչ թե քաղաքացին պարտավոր կլինի ներկայացնել, այլ էլեկտրոնային համակարգի միջոցով այդ փաստաթղթերը գերատեսչությունները միմյանց միջև կփոխանակեն»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տարվում են նաև աշխատանքներ, որպեսզի հաշմանդամության կարգ տալու համար գործող բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների փոխարեն ձևավորվի մասնագետների ռեեստր․ «Այստեղ ընդգրկված կլինեն ոչ միայն բժիշկներ, այլև վերականգնող մասոնագետներ, ֆիզիեոթերապիստներ և այլ մասնագետներ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների գնահատման հանձնաժողովը կձևավորվի պատահականության սկզբունքով ռեեստրից ընտրվող մասնագետներով: Դա իր հերթին կնվազեցնի կոռուպցիան»: