ՄԻՊ-ը թեժ գծին ստացված զանգերի հիման վրա չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։ 

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերը:

Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից սննդի ընդունումից հրաժարված անձի հացադուլը պայմանավորված է դատաքննության փուլում գտնվող քրեական գործով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել է հացադուլի բացասական հետեւանքներն իր առողջական վիճակի վրա:

Հացադուլ հայտարարած անձը բարձրացրել է հացադուլով պայմանավորված առողջական խնդիրներ, մասնավորապես՝ քաշի կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, փսխումներ եւ ընդհանուր թուլություն:

Հացադուլ հայտարարած անձի առողջական վիճակի հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ եւ դրանց կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկում՝ ըստ խցերի տեղաբաշխմանը:

Բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։