Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Վահագն

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։ 

«Վահագն Հարությունյանը չի կալանավորվի։ Քանի որ Վ. Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում, ուստի վստահ եմ առաջիկայում ականատես կլինենք հատուկ քննչական ծառայության նոր հեքիաթին և կալանավորմանը հասնելու նոր փորձին», - ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: