Ասորական եկեղեցին և մատուռը զավթել է հայ քահանա․ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով ասորական մատուռի հետ կապված խնդիրը: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և 
ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հարգելի պարոն Վարչապետ

18․06․2019 թ․ դիմել էինք Ձեզ՝ իբրև վերջին հնարավորություն՝ լուծելու ասորական եկեղեցու և մատուռի` հայ քահանայի կողմից զավթելու հարցը։
Սակայն այսօր 18․07․2019 թվականն է, և Ձեր կողմից ոչ մի արձագանք չկա, իսկ տեր Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ (որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն) այսօր ասորական եկեղեցում այրում էին ասորական իկոնաները, մեր խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած (հետագա գործողություններից տեղյակ չենք) և այլ։

Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաև պատմական փաստաթղթեր։

Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի և իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է։ 

Եթե ճիշտ ենք հասկանում, այդ ամենը ոչնչացնելու հրահանգը տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ստացել է Հայաստանի իշխանությունից և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Քանի որ մենք Ձեզանից պատասխան չենք ստացել, ինչը հիմա դարձել է սովորական երևույթ, ապա հուլիսի 22-ից մենք դիմելու ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություններին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը։
ԴՈՒՔ ԹՈՒՅԼ ԵՔ ՏԱԼԻՍ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԻ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԱՍՈՐԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»։