Դեսպան Ֆարնուորթի հետ քննարկվել է «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ ԶՈՒ-ում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:

Նշված ծրագիրը Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 

Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը: