Նրանք իմ բնակիչները չեն, տավուշցու տեսակը չեն․ մարզպետը՝ անտառն ապօրինի հատողների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Նախորդ տարիների ընթացքում մենք հատել ենք տարեկան մինչև 1 մլն խորանարդ մետր ծառ, լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին: Ըստ Չոբանյանի՝ դրանից 100.000-ն է եղել օրինական: 

«Անտառհատման 90 տոկոսը եղել է ոչ թե անտառհատում, այլ՝ անտառոչնչացում»,- ասաց մարզպետը: 

Չոբանյանը նշեց, որ կան անձինք, ովքեր ընդունել են թափուր հաստիքներում աշխատելու՝ իշխանության առաջարկը և իրենք 1000 քաղաքացու հնարավորություն են տալիս աշխատել: Իսկ առաջարկներն սկսվում են ամսական 105.000 դրամից: 

«Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու չեն համաձայնում աշխատել: Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են, բայց կարծում եմ, որ որակավորման խնդիրն է, դպրոցում ուսուցիչ աշխատելու համար եղել է կոռուպցիա, մարդիկ հավատը կորցրել են, որ առանց ոչ մի բանի իրենց կընդունեն աշխատանքի: Դուք հավաքված մարդկանցից հարցրեք՝ դիմում գրե՞լ եք: Ասում են չէ, չենք հավատում: 

Նրանք ամեն օր «տրորել են» պետականությունը ու իրենց ոգևորում են որոշ մարդիկ, ովքեր շարունակում են «տրորել» այն: Այստեղ պայքարը անհատի ու ազգայինի միջև է, պետականությունն ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձև է: Սահմռկեցուցիչ ձևով անտառ կտրելը նույնիսկ վանդալիզմ չէ, մարդասպանություն է: Թույլ տանք, խոսենք, փորձենք ձև գտնել այդ մարդկանց արդարացնելու, չկա, այս պետականությունը տրորելու համար չէ»,- նշեց Հայկ Չոբանյանը և հարց բարձրացրեց՝ «անտառն անօրինական կոտորելը հիվանդությո՞ւն է, թե ոչ»: Դիտարկմանը, թե վիրավորում եք Ձեր բնակիչներին, նա ասաց, որ իր բնակիչն այն մարդն է, ով պետականությունը հարգում է, զինվորն է, ով գնում է պայքարելու, բերդավանցի պապիկն է, իսկ «նրանք իմ բնակիչները չեն, տավուշցու տեսակը չեն»: