ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը տանուլ են տվել իրավական դաշտում․ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, բայց նրանք վաղուց տանուլ են տվել իրավական դաշտում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նկատեց, որ նախաքննական մարմինները մինչ այժմ չեն կարողացել հիմնավորել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը Ալումյանը կապեց Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշման հետ․

«Փետրվարին մի քաղաքացուց հաղորդում է եղել հանցագործության մասին, նրանից ստացել են բացատրություն, հավաքել են նյութեր ու որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը։ Դատախազը դա հաստատել է։ Հետո այդ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ նոր ապացույցներ ի հայտ եկան, որ երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց պարոն Քոչարյանին, հանկարծ այդ որոշումը վերացվեց ու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց», - իր հարցադրումներն արեց Ալումյանը և պարզաբանեց, որ Գրիգորյանի հետ կատարվածը հուզում է իրենց, քանի որ Քոչարյանի գործը հենց հիմա նրա վարույթում է և բացի այդ, նրա նկատմամբ կատարվածը հարված է նաև մյուս դատավորներին։

«Այս գործողություններով դատավորներին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ որոշում կայացնել, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում։ Սրանից պարզ մեսիջ հնարավոր չէ պատկերացնել», - ամփոփեց փաստաբանը։