ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվել է կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և խորացնելու համագործակցությունն Ամերիկյան պետությունների կազմակերպության և նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։

Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների բազմակողմ հարթակների ներդրումը համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության, զարգացման օրակարգի առաջմղման և միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրներին և զարգացումներին՝ առանձնահատուկ կարևորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։