Այցը համարում եմ շատ ստացված․ ԱԺ խոսնակը՝ վաշինգտոնյան այցի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Ավարտվեց հայ խոհրդարանական պատվիրակության այցը մայրաքաղաք Վաշինգտոն:

Պատվիրակության ղեկավար ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրրզոյանը դրական է գնահատում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն հայ խորհրդարանականների այցը՝ Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակներում:

«Այցը համարում եմ շատ ստացված: Մենք այստեղ էինք շատ կոնկրետ ծրագրով՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործըներության ձևաչափով, որի ֆորումին մասնակցում էին երկու տասնյակից ավելի երկրներ: Հանձնախմբի համանախագահներ, կենոգրեասական Բուքենոնի և Փրայսի կողմից մշակված էր բավականին հետաքրքիր ծրագիր»,- ասում է Միրզոյանը:

Ըստ խորհրդարանի խոսնակի՝ այցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Օրակարգը հագեցած էր նաև երկկողմանի շփումներով կոնգրեսականների հետ: Խոսնակ Միրզոյանը առանձնազրույց ունեցավ նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի և ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելի հետ:

Հայաստանի խորհրադարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս դրական է գնահատում վաշինգտոնյան այցը: Նրա կարծիքով Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ձևաչափը չափազանց լավ հարթակ է հայ-ամերիկյան և այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունների խորացման համար: Մակունցը վստահ է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ստանում են նոր որակ:

«Հայ-ամերիկյան հարաբերությունների առումով թևակոխել ենք մի նոր փուլ: Առաջիկայում կզգանք, որ այս հարաբերություններն ավելի ակտիվանում են և խորանում որպես գործընկերային պետություններ»,-նշում է Լիլիթ Մակունցը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարևորում է Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբում Հայաստանի ներգրավումը: Համաժողովը լավ հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար փորձի փոխանակման, աշխարհում ժողովրդավարության զարգացման և համագործակցության խորացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Պատգամավորը շեշտում է ՝ հայ-ամերիկյան հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ:

«Այս ծրագրի միջոցով խորհրդարանը կարող է աջակցություն ստանալ: Բայց սա մի մեծ խողովակ է, որի միջոցով կարող ես կապ հաստատել կոնգրեսականների հետ, ովքեր հաստատում են բյուջեն, արտաքին ֆինանսական և քաղաքական աջակցությունը: Շատ կարևոր է, որ մենք հասկացված լինենք Արևմուտքում»,- ասում է Մարուքյանը:

Պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին շեշտում է բոլոր ուղղություններով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը ՝ ընդգծելով, որ իշխանության հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այդ առումով լսելի դառնա նաև ընդդիմության ձայնը:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը Վաշինգտոնից ուղևորվել է Բոստոն, ուր նախատեսվում են հանդիպումներ տեղի ամերիկահայ շրջանակների հետ, հայտնում է amerikayidzayn.com-ը։