Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խորհրդարանում կդառնա մեծամասնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Zelenski

«Ria.ru»-ն, արձանագրությունների 35,51 տոկոսի հաշվարկից հետո հղում անելով ԿԸՀ-ի տվյալներին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 42,19 տոկոս ձայնով պահպանում է առաջատարի դիրքը։ Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը 12,75 տոկոս է հավաքել։ Երրորդ տեղը ձայների 8,71 տոկոսով զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, ապա նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը 8,15 տոկոս ձայնով, հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը  6,39 տոկոս ձայնով:

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» թերթի՝ Զելենսկու կուսակցությունը կարող է կուսակցական ցուցակներով 121 տեղի հույս ունենալ, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 36, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ 25, «Բատկիվշչինա»-ն՝ 25, «Գոլոս»-ը՝ 19:

Խորհրդարանում դառնալով մեծամասնություն՝ Զելենսկու կուսակցությունը այլ ուժերի հետ կարող է և կոալիցիա չկազմել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 21-ին Ուկրաինայում անցկացվել են Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ։